1 Samuel 24
1 Այնտեղից գնալով՝ Դավիթը բնակվեց Գադդայի կիրճերում։
2 Երբ Սավուղը վերադարձավ այլազգիներին հետապնդելուց, նրան լուր բերեցին՝ ասելով. «Ահավասիկ Դավիթը Գադդայի անապատում է»։
3 Իր հետ վերցնելով ողջ Իսրայելից հավաքված երեք հազար ընտիր մարդկանց՝ Սավուղը գնաց փնտրելու Դավթին ու նրա մարդկանց եղջերուների որսատեղիի Ելիմ կոչվող վայրի դիմաց։
4 Նա ոչխարների փարախների հանդիպեց ճանապարհին։ Այնտեղ մի քարայր կար։ Սավուղը մտավ այնտեղ հանգստանալու։ Դավիթն ու նրա մարդիկ քարայրի ներսի մասում էին։
5 Դավթի մարդիկ նրան ասացին. «Ահա սա այն օրն է, որի համար Տերը քեզ ասել է. “Քո թշնամիներին քո ձեռքը պիտի մատնեմ”։ Նրա հետ վարվի՛ր այնպես, ինչպես հաճելի է քո աչքին»։ Դավիթը ելավ ու Սավուղի թիկնոցի մի ծայրը զգուշությամբ կտրեց։
6 Դրանից հետո Դավիթը խղճի խայթ զգաց, որ նրա թիկնոցի մի ծայրը կտրել է։
7 Դավիթն իր մարդկանց ասաց. «Երդվում եմ Տիրոջ անունով, որ այդ բանը չեմ անի իմ տիրոջ՝ Տիրոջ կողմից օծյալ մարդու նկատմամբ, իմ ձեռքը չեմ բարձրացնի նրա վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է»։
8 Դավիթն այս խոսքերով համոզեց իր մարդկանց ու թույլ չտվեց, որ Սավուղի վրա հարձակվեն ու սպանեն։ Սավուղը դուրս եկավ այդ քարայրից ու գնաց իր ճանապարհով։
9 Դավիթը նրանից հետո վեր կացավ, դուրս եկավ քարայրից և աղաղակեց նրա հետևից՝ ասելով. «Իմ տե՛ր արքա»։ Սավուղը հետ նայեց. Դավիթը երեսնիվայր գետնին ընկավ ու երկրպագեց։
10 Դավիթը Սավուղին ասաց. «Ինչո՞ւ ես մարդկանց խոսքին հավատում, որ ասում են, թե՝ “Դավիթն ուզում է սպանել քեզ”։
11 Ահա այսօր քո աչքերը տեսան, որ այս քարայրի մեջ Տերն ինչպե՛ս էր քեզ իմ ձեռքը մատնել, բայց ես չուզեցի քեզ սպանել, խնայեցի քեզ՝ ասելով. “Իմ ձեռքը իմ տիրոջ վրա չեմ բարձրացնի, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։
12 Տե՛ս, հա՛յր իմ, ահա քո թիկնոցի մի ծայրն իմ ձեռքին է. ես կտրեցի քո հանդերձի ծայրը, բայց չսպանեցի քեզ։ Իմացի՛ր ու տե՛ս այսօր, որ իմ վարմունքի մեջ չարություն, անօրենություն ու ամբարշտություն չկա, քո դեմ ոչ մի հանցանք չեմ գործել, իսկ դու ուզում ես հետապնդելով իմ կյանքը խլել։
13 Թող Տերը դատ անի իմ ու քո միջև և իմ վրեժը քեզնից առնի, բայց իմ ձեռքը քեզ վրա չի բարձրանա։
14 Ինչպես հին առակն է ասում՝ “Անօրեն ձեռքից է գալիս վնասը”, բայց իմ ձեռքը քեզ վրա չի բարձրանա։
15 Արդ, ո՞ւմ հետևից ես ընկել, ո՜վ Իսրայելի արքա, և ո՞ւմ ես հալածում. սատկած շան կամ մի լուի հետևի՞ց ես ընկել։
16 Թող Տերը դատավոր ու իրավարար լինի իմ և քո միջև։ Թող Տերը տեսնի ու դատի և ինձ արդարություն անի»։
17 Երբ Դավիթն ավարտեց Սավուղին ուղղված այս խոսքերը, Սավուղն ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Եվ Սավուղը, իր ձայնը բարձրացնելով, լաց եղավ։
18 Սավուղը Դավթին ասաց. «Դու ավելի արդար մարդ ես, քան ես, քանի որ դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես քեզ չարիք հատուցեցի։
19 Դու այսօր ինձ պատմեցիր, որ բարիք ես արել, թե ինչպես Տերն այսօր ինձ քո ձեռքն էր մատնել, իսկ դու ինձ չսպանեցիր։
20 Եթե մեկն իր թշնամուն նեղության մեջ բռնելով՝ նրան ազատ է արձակում, որ բարով գնա իր ճանապարհը, ինչպես դու արեցիր այսօր իմ նկատմամբ, ապա Տերը նրան բարությամբ է հատուցում։
21 Արդ, ես գիտեմ, որ դու անպայման կթագավորես, և Իսրայելի թագավորությունը քո ձեռքում հաստատ կմնա։
22 Ուրեմն, երդվի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից հետո իմ սերունդը չես ոչնչացնի և իմ անունը չես վերացնի իմ հոր տնից»։
23 Եվ Դավիթը երդվեց Սավուղին։ Սավուղը գնաց իր տեղը, իսկ Դավիթն ու իր մարդիկ եկան Մասարայի կիրճերը։